08 08 2024

Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները այդքան չկան, որ որոշեն` կոմունիկացիաների հարցը թողնեն ապագային, թե ոչ. Արման Աբովյան

Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները այդքան չկան, որ որոշեն` կոմունիկացիաների հարցը թողնեն ապագային, թե ոչ. Արման Աբովյան

Ոչ Հայաստանի, ոչ էլ Ադրբեջանի իշխանություններն իրավասու չեն և, պարզապես, այդքան չկան, որ որոշում ընդունեն` այդ հարցը թողնեն ապագային, թե ոչ։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանն՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովի հայտարարությանը, թե որոշում է կայացվել տարածաշրջանում ճանապարհների ապաշրջափակման հարցը դուրս բերել խաղաղության պայմանագրից և թողնել այդ հարցն ապագային։

Աբովյանը հիշեցրեց, որ կոմունիկացիաների հարցը մի կողմ դրվեց Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ Իրանի հոգևոր առաջնորդի այն հայտարարությունից հետո, որ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» Հայաստանի շահերից չի բխում, ինչպես նաև ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգույի՝ տարածաշրջան այցից հետո, որը Թեհրանից հետո անմիջապես այց կատարեց Բաքու։ «Ավելի քան համոզված եմ, որ այնտեղ շատ կտրուկ հարցը դրվեց։ Խնդիրն այն է, որ Ռուսաստանն էլ, Իրանն էլ Հայաստանի հարավի աննեքսիան Ադրբեջանի կողմից, որը, ի դեպ, քողարկվում է, այնպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» ներքո, ընկալում են երկու երկրների ազգային անվտանգությանը սպառնալիք։ Այլ հարց է, որ Արևմտյան թևը, Ադրբեջանը, Թուրքիան, ԱՄՆ-ը և ԵՄ-ն, շատ են ցանկանում վերահսկողությունը վերցնել հենց Հայաստանի հարավային շրջանների վրա։ Այսինքն, համաձայն է Փաշինյանը, թե համաձայն չէ՝ իրեն հարցնող էլ չկա, սա այլ գերտերությունների պահանջն է»։

Դիտարկմանը, թե արդյոք սա նշանակում է, որ առժամանակ այս հարցը կարելի է փակված համարել, թե սա հերթական ականն է, որը կարող է ապագայում պայթեցնել տարածաշրջանը՝ նա պատասխանել է, որ իրականում պատերազմի վտանգը միջանցքը չէ, միջանցքը էլեմենտներից մեկն է միայն։ «Պատերազմի վտանգը Ադրբեջանի և Թուրքիայի տեսլականն է՝ ձևավորել ՀՀ տարածքում Արևմտյան Ադրբեջան, իսկ կոմունիկացիաները միայն պատրվակ են։ Խնդիրն այն է, որ Ադրբեջանի իշխանությունները, ենթարկվելով ճնշմանը, որ իրանցիներն ու ռուսներն իրականացրել են, զգուշացվել են, որովհետև Հայաստանի մասնատումը չի համապատասխանում Իրանի ու Ռուսաստանի շահերին»։

Անդրադառնալով Ամիրբեկովի մյուս հայտարարությանը, ըստ որի՝ հայաստանի Սահմանադրության հարցը Փաշինյանը քննարկել է Ադրբեջանի ներկայացուցչի հետ՝ Աբովյանն ընդգծեց, որ ինքն ուղղակի հրաժարվում է հավատալ և, որ իր գիտակցության մեջ չի տեղավովում, որ Հայաստանի դե ֆակտո և դե յուրե ղեկավարը կարող է ադրբեջանցու հետ քննարկել ՀՀ սահմանադրության հետ կապված հարցեր։ «Դա դեռ բավարար չէ, մի բան էլ արդարացել է ու ասել, որ հիմա չի կարող իրականացնել այդ փոփոխությունները և թող ադրբեջանցիները մեծահոգի լինեն ու սպասեն, քանի որ ինքը 2027 թ-ին դա կարող է անել։ Ես հրաժարվում եմ հավատալ, որ հնարավոր է նման խոսակցություն անգամ եղած լինի։ Այս պարագայում՝ ես ակնկալում եմ ՀՀ պատկան մարմինների արձագանքը, որովհետև դա խայտառակություն է, մենք ի՞նչ է՝ օկուպացիայի տա՞կ ենք ապրում։ Եթե չլինի համապատասխան արձագանք, ապա դա նշանակում է, որ Ադրբեջանի հետ Հայաստանի ներքին հարցերը քննարկվում են։ Եթե արձագանք չլինի, ապա կստացվի, որ ՀՀ գործող իշխանությունը սպասարկում է Թուրքիայի և Ադրբեջանի շահերը, որովհետև ՀՀ սահմանադրության փոփոխությունը լինելու էր 2 տարբերակով, առաջինը. մեզ շանտաժի են ենթարկելու, վախեցնելու են պատերազմով ու դրա մասին արդեն ակնարկում են ադրբեջանցիները և փորձելու են ուղղակի վերջ տալ ՀՀ-ին՝ զրկելով մեզ հիմնարար փաստաթղթից։

Եթե ՀՀ սահմանադրության փոփոխությունը մտավ օրակարգ, դա կնշանակի, որ ՀՀ իշխանություները ՀՀ սահմանադրությունը վերածում են Արևմտյան Ադրբեջանի սահմանադրության»։

Աբովյանը նաև ընդգծենք, որ Ադրբեջանն հասկանում է, որ գործող իշխանության վարկանիշն ընկնում է Հայաստանում, իսկ իրենց համար Հայաստանի գործող իշխանությունն ամենակարևոր ակտիվն է, ձեռքբերումն է։ «Դրա համար հիմա իրենք անցնելու են որոշակի քողարկված քայլերի, չեմ բացառում, որ կարող է մի երկու դիրքրից հետ գնան, որպեսզի փրկեն այս իշխանությանը մասսայական քննադատությունից։ Այո, ՀՀ գործող իշխանությանը օգնության է գալու հենց Ադրբեջանը, բայց խնդիրը նրանում է, որ յուրաքանչյուր դեպքում Հայաստանի Հանրապետության ապամոնտաժման վերաբերյալ Թուրքիայի և Ադրբեջանի նախագիծը չի փոխվի։ Հետևաբար, կոմունիկացիաների հարցն օրակարգից հանելը բնավ ոչինչ դեռ չի նշանակում»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ